Արմինֆո.ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, նշել է որ Արցախի զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի ցանկացած ոտնձգություն:
ԱրմԻնֆո-ի թղթակցին մեկանաբանելով Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովի հայտարարությունը, թե Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են ազատագրել երկրի «օկուպացված տարածքները»՝ Բաբայանը, մասնավորապես, ասել է. «Երբ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները խոսում են «տարածքներ ազատագրելու» մասին և որպես ադրբեջանական զինված ուժերի մարտունակության «փայլուն» օրինակ նշում անցած տարվա ապրիլյան մարտերը, կարելի է երկու եզրակացություն անել՝ կամ այդ զինվորականը ռազմական գործից ոչինչ չի հականում կամ դառնում է «հզոր նվաճող» ԶԼՄ-ներում: Նման հայտարարություններն այլ բացատրություն չունեն»,- ասել է Բաբայանը:
Ըստ որում, նա նշել է, որ Ադրբեջանը 22 տարի պատրաստվել է անցած տարվա ապրիլյան պատերազմին, սակայն արցախյան պետականության լիակատար ոչնչացման, Սյունիքի մարզի գրավման և Նախիջևանի հետ Ադրբեջանի ցամաքային հաղորդակցության հաստատման վերջինիս ծրագիրը ձախողվել է: Նրա խոսքով, Ադրբեջանի զինված ուժերը ցանկացել են այդ ծրագիրն իրականացնել մինչև ապրիլի 24-ը, երբ հայ ժողովուրդը հիշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին: Նա նաև հիշեցրել է, որ ապրիլյան մարտերին մասնակցել են թուրք զինվորականներ և բարձրաստիճան սպաներ: «Սակայն, Ադրբեջանը ձախողել է ծրագիրը, կորցրել սպառազինության վրա ծախսված միլիոնավոր դոլարներ, շատ դեպքերում Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատին արժանապատվորեն դիմակայել են մեր 18-20 տարեկան տղաները: Այդ պատճառով որպես օրինակ բերել այդ «փայլուն հաղթանակը»՝ անխոհեմ և նույնիսկ ծիծաղելի է»,- ասել է Բաբայանը:
Միաժամանակ նա ասել է, որ Ստեփանակերտում ուշադրությամբ հետևում են Բաքվից հնչող բոլոր հայտարարություններին, և համապատասխան եզրակացություններ անում՝ մշտապես բարձրացնելով սեփական ուժերի մարտունակությունը հակառակորդի ցանկացած ոտնձգություն հետ մղելու համար: