Արմինֆո. Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ, մասնավորապես, Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներով, որտեղ մեր ժողովուրդը պատմականորեն զգալի ներկայություն է ունեցել, Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայաստանը բազմիցս է դատապարտել ԴԱԻՇ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնում են բնակչությանը տարածաշրջանում և անդին: Պատերազմը Սիրիայում կործանարար ազդեցություն ունեցավ իր քաղաքացիական բնակչության, ազգային և կրոնական, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների վրա, ովքեր ահաբեկիչների և օտարերկրյա գրոհայինների կողմից ինքնության հողի վրա իրականացված հանցագործությունների պատճառով բախվել են գոյության սպառնալիքի:
Բռնությունները չեն շրջանցել նաև Սիրիայի հայերին: Նրանցից շատերը ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստական ապաստան է գտել Հայաստանում՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանը ջանք չի խնայում սիրիացի փախստականների խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Մենք փորձել ենք օգնության ձեռք մեկնել նաև Սիրիայում դրա կարիք ունեցողներին՝ շարունակաբար տրամադրելով մարդասիրական օգնություն, որը սահմանափակված չի եղել միայն Սիրիայի հայությամբ: Այս պահին՝ մինչ մենք զրուցում ենք, մարդասիրական օգնությամբ ևս մեկ օդանավ Հայաստանից հասնում է Սիրիայի ժողովրդին:
Ինչ վերաբերում է միջազգային ջանքերին, համոզված ենք, որ Սիրիայի հարցում անհնար է հասնել համաձայնության առանց համընդգրկուն քաղաքական գործընթացի, որը հաշվի կառնի բոլոր սիրիական խմբակցությունների շահերը՝ բացառությամբ ահաբեկչական խմբավորումների: Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ հնարավորություն տալով Սիրիայի ժողովրդին առավել անվտանգ միջավայրում արտահայտելու երկրի ապագայի շուրջ իրենց դիրքորոշումը: Կարգավորումը պետք է հաշվի առնի առավել խոցելի խմբերի, ինչպիսիք են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, մասնավոր կարիքները: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից»,- ասել է Նալբանդյանը: