Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան առաջիկա այցից հայկական կողմի միակ սպասումը 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունների իրականացման ապահովումն է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչպես նշել է Քոչարյանը, պատահական չէ, որ հենց Վիեննայում հանդիպմանը ձևավորվեց մոտեցում, ըստ որի՝ քանի դեռ կողմերի միջև վստահության մթնոլորտ չի ձևավորվել, բանակցություններում առաջընթացի մասին հնարավոր չէ խոսել: «Իսկ այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հնարավոր սկսման մասին խոսակցությունների ակտիվացմանը, փոխարտգործնախարարի խոսքով, դրանք Հայաստանի համար նոր չեն, տարիներ շարունակ Բաքուն փորձում է սուր ճոճել: «Քայերը, որոնք Բաքուն ձեռնարկում է շփման գծում, իհարկե, մտոհոգիչ են, առաջին հերթին միջնորդ երկրների համար, քանի որ երեք երկրներն էլ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պատասխանատու են աշխարհի ցանկացած անկյունում խաղաղության համար, առավել ևս այնտեղ, որտեղ միջնորդ են»,- հայտարարել է Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հունիսի 10-ին ԵԱՀԿ ՄԽ միջնորդները կժամանեն Հայաստան: «Երևանում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակը: Սպասվում է նաև միջնորդների ուղևորություն Լեռնային Ղարաբաղ: Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից մեկ շաբաթ անց համանախագահները կմեկնեն Բաքուե, - ասել է Զախարովան: Նա ընդսմին հավելել է, որ միջնորդները հանդես կգան այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: