Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության արդյունք են, որն անմիջապես հայտարարեց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գծի փոփոխման մասին: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա ասելով, Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, որն ԱՄՆ գլխավոր դաշնակիցն է Պարսից ծոցում, կոչված էր հակաիրանական արշավի մեկնարկմանը, որը նշանավորվեց Քաթարի նկատմամբ տարածաշրջանի երկրների դեմարշով, որը վերջերս հանդես էր եկել Թեհրանի նկատմամբ քաղաքականությունը մեղմելու և նրա հետ փոխգործակցություն սկսելու կոչով: Որպես իր խոսքերի ապացույց` փորձագետը նշել է այն փաստը, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի ընդունել Թրամփի ցավակցությունը Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ:
Ընդ որում, փորձագետն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի և Իրանի շահերը համընկնում են, քանի որ երկու երկրներն էլ Քաթարի գործընկերներն են և դեմ են նրա նկատմամբ պատժամիջոցներին:
Անդրադառնալով բուն ահաբեկչական գործողություններին` փորձագետը նշել է, որ ահաբեկիչների թիրախների ընտրությունը պատահական չէր` Իրանի խորհրդարանն ու Այաթոլլա Խոմեյնիի դամբարանը: «Այդ օբյեկտները Իրանի խորհրդանիշներն են», - նշել է Իսկանդարյանը, ընդգծելով, որ ահաբեկչությունը վատ էր կազմակերպված և այն ազդեցությունը չունեցավ, որն ակնկալում էին ահաբեկիչները:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում զինված հարձակումներ են իրականացվել Իրանի խորհրդարանում և Այաթոլլա Խոմեյնիի դամբարանում: Դատելով ըստ ամենայնի` դրանք եղել են համակարգված գրոհներ, որոնց պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: