Արմինֆո. Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և Ադրբեջան արտահանձնման նկատմամբ միջազգային հանրության պատշաճ արձագանքի բացակայության արդյունքը դարձավ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումն ու ապօրինի ձերբակալությունը Բաքվում: «Թուիթերի» իր միկրոբլոգում այդ մասին գրել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` հղում կատարելով տվյալ միջադպի վերաբերյալ Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության հայտարարությանը, որում, մասնավորապես, ասվում է. «Վրաստանում ապրող Ադրբեջանի քաղաքացիների ենթադրյալ առևանգումն ու ապօրինի ձերբակալությունը պահանջում է արագ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն»:
Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայությունը ողջունում է տվյալ միջադեպի առնչությամբ Վրաստանում սկսված հետաքննությունը և կշարունակի ուշադրությամբ հետևել գործընթացներին:
Հավելենք, որ Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայությունն արտգործնախարարության պարտականություններ է կատարում Եվրամիության մակարդակով` իրականացնելով ընդհանուր արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն, ինչպես նաև ԵՄ արտաքին ներկայացուցչության գործառույթ:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին անցած շաբաթ անհետացել էր Թբիլիսիում: Ավելի ուշ պարզվել էր, որ Մուխթարլին ձերբակալվել է և գտնվում է Բաքվում: Լրագրողի ընտանիքի հավաստմամբ, նրան առևանգել են և փողի դիմաց գաղտնի հասցրել Ադրբեջան: Բաքվում Մուխթարլիին մեղադրել են «պետական սահմանն ապօրինի հատելու», «մաքսանենգության» և «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու» համար: Եթե նրան մեղավոր ճանաչեն, նա կարող է ազատազրկվել մինչև 15 տարի:
Նախորդ շաբաթ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի ՆԳՆ լիարժեք հետաքննություն կանցկացնի` պարզելու համար Մուխթարլիի անհետացման իրական հանգամանքները: Ընդ որում, նա կտրականապես հերքել էր այն պնդումները, թե Մուխթարլիի առևանգման հետ կարող են առնչություն ունենալ Վրաստանի ուժային կառույցների աշխատակիցները: Դա ադրբեջանցի լրագրողի անհետացմանն առնչվող առաջին հայտարարությունը չէ: Ժամանակին և թափանցիկ հետաքննություն անցկացնելու կոչով Վրաստանի իշխանություններին են դիմել ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրախորհուրդը, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը և այլ իրավապաշտպան կազմակերպություններ: Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի անհետացումը սուր հակազդեցություն է հարուցել նաև հենց Վրաստանում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու լրագրողները Թբիլիսիում և այլ քաղաքներում ակցիաներ են անցկացրել ի պաշտպանություն Մուխթարլիի: Բացի այդ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունն առաջարկել է խորհրդարան հրավիրել Վրաստանի ՆԳՆ և Պետանվտանգության ծառայության ղեկավարներին: