Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ս.Սարգսյանի հեռագրում ասվում է. «Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները և վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»:
Միևնույն ժամանակ, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, Լոնդոնում ՀՀ դեսպանությունը պարզում է ՀՀ քաղաքացիների առկայությունն ահաբեկչական հարձակման զոհերի և վիրավորների թվում: Նրա ասելով, առայժմ ստույգ տվյալներ չկան:
Հունիսի 4-ի գիշերը Լոնդոնի կամրջի և Բորո-մարկետ շուկայի մոտ ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է յոթի, կա 48 վիրավոր: