Արմինֆո. Մայիսի 31-ին, տեղական ժամանակով 11:44-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ավարտվել է Ղազախստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև առաջին չվերթը: Աստանա-Երևան-Աստանա չվերթներն իրականացնում է «Սկատ» մասնավոր ավիաընկերությունը:
«Զվարթնոցում» ինքնաթիռի վայրէջքից հետո Հայաստանում Ղազախստան արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը հայտարարել է. «Այն, որ չվերթը կայացավ, արդեն արտառոց երևույթ է: Վերջապես, Հայաստանում դեսպանի պաշտոնում գտնվելուցս մեկ տարի անց դա տեղի ունեցավ` նման չվերթ գործարկելու անհրաժեշտության մասին քաղաքացիների բազմաթիվ խնդրանքներից հետո: Կցանկանայի հատկապես ընդգծել ղազախական «Սկատ» ավիաընկերության դերն այդ գործում, քանի որ այն աշխատել է ոչ սովորական պայմաններում: Երկար ժամանակ «Սկատը» չվերթներ էր իրականացնում Ակտաուից Երևան, և ահա այսօր այն վերջապես կապեց մեր երկու պետությունների մայրաքաղաքները: Այդ նախաձեռնությունն իրագործելու համար հարկավոր էր ձգտում, պրագմատիկ հաշվարկ և այն երկրի իմացություն, որտեղ մտադիր ես աշխատել», - ասել է դիվանագետը: Նա ընդսմին հավելել է, որ չվերթի գործարկման օրը պատահական չի ընտրվել: Նրա ասելով, մայիսի 31-ին գործարկվում է Աստանա-Երևան-Աստանա չվերթը, իսկ արդեն հունիսի 9-ին Ղազախստանի մայրաքաղաքում պաշտոնապես աշխատանքը կսկսի «Աստանա-ԷԿՍՊՈ-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ուրազաևը նշել է, որ «Սկատը» հիանալի հնարավորություն է ընձեռում` օգտվել տոմս գնելու առիթից և 3:40 րոպե անց հայտնվել Աստանայում:
«Կցանկանայի նաև ասել, որ այս չվերթով Երևան է ժամանել Ղազախստանի պատվիրակությունը, «Կազինվեստ» ընկերության ներկայացուցիչներ` տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ բանակցություններ վարելու համար», - եզրափակել է դեսպանը:
«Սկատ» ավիաընկերության մարկետինգի գծով մենեջեր Ալեքսանդրա Սիտնիկն, իր հրեթին, նշել է, որ Հայաստանի և Ղազախստանի համապատասխան կառույցների բանակցությունների շնորհիվ հաջողվեց գործարկել ուղիղ չվերթ, որը կապում է երկու մայրաքաղաքները: «Մենք շուրջ 12 տարի իրականացնում ենք Ակտաու-Երևան կանոնավոր չվերթներ, փոխադրել ենք ավելի քան 200 հազար ուղևորի: Այսօր առաջին անգամ իրականացվեց չվերթ Աստանայից Երևան: Համոզված եմ, որ այն ժողովրդականություն կվայելի: Չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ` «Բոինգ-737» ինքնաթիռներով: Կուզեի նաև ասել, որ ավիաընկերությունն ունի բազմաթիվ արտոնյալ ծրագրեր, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանական պատերազմի վետերանները կարող են անվճար օգտվել մեր ավիաընկերության ծառայություններից: Մեր ծառայությունները մատչելի են սոցիալական բոլոր շերտերին: Կարծում ենք, որ չվերթի գործարկումը կնպաստի երկու երկրների զբոսաշրջիկների հոսքի աճին` դրանով իսկ խթանելով նաև տնտեսական հարաբերությունները», - եզրափակել է Սիտնիկը:
Նշենք, որ չվերթները կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերը, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կազմում է 116 հազար դրամ: