Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խումբը դանդաղ, բայց հաստատակամորեն փոխում է իր դիրքորոշումը, մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մայիսի 16-17-ը ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերի վերաբերյալ իր վերջին հայտարարությունում առաջին անգամ մատնանշեց ադրբեջանական կողմին՝ որպես ռազմական գործողությունների նախաձեռնող։ «Փոփոխություններն այնպիսի ուժերի վարքագծում, ինչպիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներն են, ժամանակ են պահանջում։ Նրանք հապաղում են, բայց դա լուրջ վտանգ է ներկայացնում խաղի կանոններին դեմ գնացող երկրի համար»,- նշել է Քոչարյանը։
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ Կազմակերպության դիտորդների թիվը մեծացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը, ՀՀ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ հենց այդ մասին են կողմերը պայմանավորվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում։ «Իհարկե, դժվար է պնդել, որ դիտորդները կարող են լիովին բացառել միջադեպերը, բայց որքան նրանց թիվը շատ լինի, այնքան զսպող գործոնը, թեկուզ մի փոքր, ավելի բարձր կլինի»,- ավելացրել է Շավարշ Քոչարյանը: