Արմինֆո.«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում Սլավոնական ռուս-հայկական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի ու կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին: Նա ուսանողներին ու դասախոսներին պատմել է իր բարեգործական հիմնադրամի մասին, որն օգնում է ծանր հվանդություններով տառապող երեխաներին և նրանց ծնողներին:
Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամն ստեղծվել է 2008 թվականին: «Երբ կինս` Անաստասիա Խաբենսկայան, հիվանդացավ գլխուղեղի քաղցկեղով, նրա հիվանդության վրա չկենտրոնանալու համար մենք սկսեցինք օգնել նույն խնդրով տառապող երեխաներին: Իսկ երբ Նաստյան մահացավ, ես հասկացա, որ իրավունք չունեմ փորձանքի մեջ թողնել հիվանդ երեխաներին», - նշել է դերասանը, որը, գործնականում, իր բոլոր հոնորարներն ուղղորդում է հիմնադրամի գործունեությանը: Նրա ասելով, այդ գործում մեծ ավանդ ունի նաև գործարար Գոռ Նահապետյանը:
Պատասխանելով վերջերս ռուսական առաջին հեռուստաալիքով ցուցադրված «Պյոտր Լեշչենկո, այն ամենն, ինչ եղել է» ֆիլմում իր դերակատարմանն առնչվող ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` Խաբենսկին նշել է, որ ֆիլմի նկարահանումից հետո այն, չգիտես ինչու, 5 տարի մնացել է դարակներում: «Ուստի, կարծում եմ, որ այն ցուցադրվել է մեծ ուշացումով: Իրականում, եթե իմանայի, որ ֆիլմի համար ստիպված եմ լինելու այդքան շատ զբաղվել ոկալով, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեի: Կարծում էի, թե կարողանում եմ երգել, պարզվեց, ոչ չեմ կարողանում, այստեղ հարկավոր է միանգամայն այլ շնչառություն և ռիթմի բոլորովին այլ զգացողություն: Որոշ երգեր ես կատարել եմ ավելի էքսպրեսիվ, քան ինքը` Լեշչենկոն, սակայն ես հենց այդպես եմ զգացել», - հայտարարել է Խաբենսկին: Նա նաև նշել է, որ երգչի դերակատարումը չափազանց բարդ է, քանի որ նրա կատարումների ոչ մի տեսագրություն չի պահպանվել, միայն` ձայնագրություններ», - պարզաբանել է դերասանը: Խաբենսկին նաև պատմել է, որ ինքը մի քիչ տրաբեր հագուստ է կրել, քան իր հերոսը: «Որպեսզի սյուժեն իրատեսական ստացվեր, մենք այնտեղ ներառել ենք հարցաքննությունների տեսարան, թեև ամեն ինչ անհամեմատ ավելի արագ է տեղի ունեցել: Ձերբակալությունից հետո երեք տարի անց, Լեշչենկոն չի ճանարում կնոջը` Վերային, նա այդ մասին գրել է իր հիշողություններում: Սակայն մեր ավարտն այլ էր. արվեստը չի կարելի ոչնչացնել կամ սպանել», - հայտարարել է Կոնստանտին Խաբենսկին: