Արմինֆո. ՀՀ ոստիկանությունն այսօր Ավան համայնքում բռնություն է գործադրել ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով, ՀՀ օրենսդրության համաձայն, անձեռնմխելիության կարգավիճակ ունի:
Մասնավորապես, մի քանի ոստիկան բռնի կերպով դուրս են հանել Փոստանջյանին Ավանում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից և տարել մինչև ոստիկանական մեքենան: Այնուամենայնիվ, ոստիկաններին չի հաջողվել պատգամավորին մեքենա նստացնել, իսկ ահա նրա աղջկան հաջողվել է տանել ոստիկանության Նոր Նորքի բաժին: «Իրավակարգի պաշտպանների» գործողությունների օրիանչափության առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ ստանալու ԱրմԻնֆո-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Իսկ միջադեպի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ Փոստանջյանը, ահազանգ ստանալով այն մասին, որ Ավանում ՀՀԿ նախընտրական շտաբում ընտրակաշառք են բաժանում և համապատասխան ցուցակներ են կազմում, աղջկա հետ միասին շտապել է այնտեղ: Սակայն, շտաբի աշխատակիցները հասցրել են թաքցնել ցուցակները, և դրանք ստանալու Փոստանջյանի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Հատկանշական է, որ ոստիկաններն ակնհայտորեն գործել են ի շահ հանրապետականնների, պահանջելով Փոստանջյանից, նրա կողմնակիցներից և նույնիսկ լրագրողներից լքել տարածքը՝ նրանք հավաստիացրել են, որ իրենք կպարզեն իրավիճակը: Երբ Փոստանջյանը հայտարարել է, որ չի վստահում Ոստիկանությանը, «իրավակարգի պաշտպաններից» մեկը հավաստիացրել է. «Դա Ձեր խնդիր է, մեզ վստահում է ողջ ժողովուրդը»: Երբ պատգամավորը փորձել է բացել արկղը, որտեղ պահվել են ցուցակները, ոստիկաններն ակնթարթորեն արձագանքել են և դուրս հանել նրան շտաբից: Հատկանշական է նաև, որ ոստիանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին՝ թույլ չտալով նրանց նկարահանել կատարվածը: Երբ շենքում մնացել են միայն ՀՀԿ ներկայացուցիչները, նրանք հանել են թղթերը արկղից և արագ հեռացել անհայտ ուղղությամբ:
Նշենք, որ դիտորդական առաքելությունները շարունակում են ընտրությունների ընթացքում խախտումներ արձանագրել: Այսպես՝ Էրեբունիի տեղամասերից մեկում ՀՀԿ շտաբի ներկայացուցիչները խլել են «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի տեսախցիկը: «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Վարդգես Գասպարին բռնության է ենթարկվել 922 ընտրատեղամասի աշխատակիցների կողմից: Այժմ նա, ի նշան բողոքի, պառկած է ընտրատեղամասի դիմաց:
«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունն առավոտից ընտրական իրավունքի խախտման հետևյալ դեպքերն է արձանագրել՝ 7/43 տեղամասում գործել է, այսպես կոչված, կարուսելի» սխեմա, 7/29 տեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք, 4/1 տեղամասում ընտրողներն ուղղորդվել են քվեարկելու ընթացքում, նրանց քվեարկությունը վերահսկվել է ՀՀԿ վստահված անձանց կողմից, համանման իրավիճակ էր 51 տեղամասում, 63 տեղամասում կազմակերպության անդամների նկատմամբ ճնշում է գործադրվել: