Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թվականին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո կառավարության ղեկավարին փոխելու նախադրյալներ չի տեսնում: Լրագրողնեի հետ զրույցում նա հայտարարել է, որ պատրաստ է 2018 թվականից հետո գլխավորել կառավարությունն ու երկիրը, և նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետի պաշտոնն զբաղեցնելու ձգտումներ չի նկատել Սերժ Սարգսյանի մոտ: Նա նաև հերքել է իր և նախագահի միջև հակասությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: Թեև, ԱրմԻնֆո-ի ներիշխանական աղբյուրների հավաստմամբ, նման հակասություններ կան, և դրանք ժամանակ առ ժամանակ սրվում են, հատկապես` այս կամ այն կադրային հարցի շուրջ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը «Տաշիր-Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորը` Կարեն Կարապետյանին, տեսնում է խորհրդարանի խոսնակի պաշտոնում, վարչապետը նշել է. « Իսկ ինչու ոչ, մենք այդ հարցը դեռ կքննարկենք»:
Իշխանությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաղորդում են, որ հենց վարչապետն է զբաղվում ԱԺ խոսնակի պաշտոնի համար Կարեն Կարապետյանի թեկնածության լոբբինգով: Ի դեպ, ինքը` Կարապետյանը, նույնպես հավակնում է այդ պաշտոնին և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: ԱԺ խոսնակի պաշտոնի մյուս հավակնորդը փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է, որին սատարում են իշխանության երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: