Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն, մտադիր է 2018 թվականին կտրուկ կրճատել Վաշինգտոնի ֆինանսական աջակցությունը զարգացող երկրներին, ինչպես նաև Պետդեպին միացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, գրում է Foreign Policy-ն: Ըստ պարբերականի, Թրամփի վարչակազմը մտադիր է մեկ երրորդով կրճատել ֆինանսական աջակցությունը զարգացող երկրներին և ազատված միջոցներն ուղղորդել ազգային անվտանգության պաշտպանությանն առնչվող հոդվածներին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, աղբյուրի համաձայն, առաջարկվում է նրան տրամադրվող օգնությունը կրճատել 77,3%-ով (ի սկզբանե նախատեսվում էր 17,633 մլն դոլար ուղղորդել հանրապետություն): Եթե փաստաթուղթը հաստատվի, ապա 2018 թվականին Հայաստանը կստանա ընդամենը 4 մլն դոլար: Սակայն հարևան Ադրբեջանի և Բելառուսի վիճակն այդ առումով ավելի վատ է. վարչակազմը մտադիր է նրանց ընդհանրապես զրկել օգնությունից: Իսկ ահա Վրաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի ընդամենը 41%-ով, նախատեսված 47,512 մլն դոլարից նա կստանա 28 մլն դոլար: Վարչակազմը չի խնայել նաև իր դաշնակից Ուկրաինային, որի օգնությունը կկրճատվի 68,8%-ով` 570 մլն դոլարից մինչև 177 մլն դոլար:
Ինչ վերաբերում է ԱՄՆ զարգացման գործակալությանը, ապա այն կփակի իր առաքելությունները 100 երկրներից 30-35-ում (կազմակերպությունը ներկայացված է նաև Հայաստանում): Կկրճատվեն նաև առողջապահության զարգացման նպատակով տարբեր երկրներին տրամադրվող ֆինանսները. կդադարեցվի այդ հոդվածով օգնությունը 41 երկրների: