Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Այդ մասին Բիշքեկում ԱՊՀ ՀՕՊ հարցերի համակարգման խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը:
Միաժամանակ նա նշել է, որ արդյունավետ աշխատանք է տարվում զենիթահրթիռային համալիրների արդիականացման ուղղությամբ, մշակվել և փորձարկվել են նոր մարտավարական հնարքներ և փոքր չափերի հետախուզական ու հարվածային անօդաչուների դեմ առկա սպառազինության կիրառման միջոցներ:
«Այսօր ՀՕՊ զորքեր են մատակարարվում նորագույն ռադիոլոկացիոն համակարգեր և հետախուզության օպտիկա-էլեկտրոնային միջոցներ՝ մշակված Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից: Դրանք թույլ են տալիս մեզ հայտնաբերել բոլոր տեսակի օդային թիրախները և արդյունավետ կառավարել մոտակա ու հեռավոր օդային իրավիճակը: ՀՕՊ հարցերի համակարգող կոմիտեի աջակցությամբ Հայաստանի տարածքում ավարտին է մոտենում ժամանակակից ՀՕՊ և ավիացիոն հրամանատարական կետի շինարարությունը, որտեղից Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանի և Հայաստանի ՀՕՊ զորքերի անձնակազմերն համատեղ իրականացնելու են հանրապետության օդային սահմանների պահպանությունը»,- ասել է Վարդանյանը՝ հիշեցնելով, որ 2017թ. հունվարի 11-ին ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը: