Արմինֆո. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները հերթական հանդիպումն են նախաձեռնում՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ: Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում»,- հայտարարել է Կաթողիկոսը:
Ավելի վաղ կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հայտնել էր Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նրա խոսքով, հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստի շրջանակներում, որտեղ նա մտադիր է բարձրացնել Շուշիի մզկիթի վերականգնման հարցը, ինչը, ըստ նրա, սադրիչ քայլ է: