Արմինֆո. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ԿԸՀ ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:
«2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության թիվը՝ 1 մլն 574 հազար 947, լուրջ կասկած է առաջացրել հանրության շրջանում: Ստացվել են բազմաթիվ ահազանգեր առ այն, որ տեղի են ունեցել են հին, հնամաշ, վերակազմված եւ ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ: Մեր ունեցած տեղեկություններով, կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեեւ փաստացի շուրջ 1500 տեղամասերում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է նաեւ առցանց տեսահեռարձակում: Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձեւավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում:
Հաշվի առվելով վերը շարադրվածը՝ պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրքնաքվեարկության իրականացման կասկածները»,- ասված է դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: