Արմինֆո.Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի առնչությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետի` ՌԴ իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևին հղած հեռագրում ասվում է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, խորը ցավով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և բազմաթիվ վիրավորներ: Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունս զոհվածների հարազատներին և մաղթում՝ շուտափույթ ապաքինում տուժածներին»:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 14.40-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սենայի հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայանների միջև ընկած հատվածում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների, գնացքի վագոնում գործի դրվել պայթուցիչ սարք, ինչի արդյունքում զոհվել է 11 մարդ: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է 45 մարդ: Հայաստանի ԱԳՆ նախնական տվյալների համաձայն, տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: