Արմինֆո.«Ծառուկյան» նախընտրական դաշինքից պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը չի բացառում հետընտրական գործընթացների նախաձեռնումը՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութունների կեղծման դեպքում: Այդ մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի եթերից:
«Եթե ընտրությունները կեղծվեն, եւ ժողովրդի ձայնը չլսվի, ապա «Ծառուկյան» դաշինքը կլինի այնտեղ, որտեղ կլինի մեր ժողովուրդը», - հայտարարել է նա: Ընդ որում Զոհրաբյանը նշել է, որ փողոցային պայքարն ամենեւին չի ենթադրում արյունահեղություն: «Հետընտրական շրջանը ենթադրում է բոլորովին այլ մեխանիզմներ, քան 2015 թվականին (խմբ. -Ծառուկյանը հայտարարեց մեծ քաղաքականությունից հեռանալու մասին), երբ իշխանությունը կարող էր դիմել սադրանքների եւ ողջ պատասխանատվություը բարդել Գագիկ Ծառուկյանի վրա», - նշել է նա:
Զոհրաբյանը նաեւ կարծում է, որ նոր ընտրական մեխանիզմները բացառում են կեղծարարությունն ընտրական տեղամասերում, հետեւաբար, այս ընտրություններում վճռական կլինի ժողովրդի ձայնը: «Մեր զենքը ոչ թե Կալաշնիկովի ինքնաձիգն է, այլ ընտրողի ձայնը, որի միջոցով այս իշխանությունը կտապալվի», - հայտարարել է նա: Ընդ որում, քաղաքական գործիչն ընտրողներին կոչ է արել չհավատալ կառավարող ՀՀԿ ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իրենք վերահսկում են ողջ ընտրական գործընթացը:
Նշենք, որ առաջիկա ընտրություններում առաջին անգամ կներդրվեն ընտրական գործընթացների վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ: Մասնավորապես, կանցկացվի ընտրողների էլեկտրոնային նույնականացում, որը բացառում է կրկնակի քվեարկության հնարավորությունը: Ընտրատեղամասերում կիրականացվի ողջ ընտրական գործընթացի առցանց հեռարձակում, այդ թվում՝ ձայների հաշվարկի: Բացի այդ, ԿԸՀ կհրապարակի քվեարկած քաղաքացիների ցուցակները, ինչը, ընդդիմության կարծիքով, կբացառի երկրից բացակայող անձանց փոխարեն քվեարկությունը: Նաեւ «Քաղաքացիական դիտրդ» նախաձեռնությանը միացել է 3500 մարդ՝ առաքելություն իրականացնելու նպատակով: Բացի այդ, դիտորդական առաքելություն կիրականացնեն չորս միջազգային կազմակերպություններ՝ Եվրախորհուրդը, ԵԽԽՎ, ԵԱՀԿ եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը: