Արմինֆո.Նոր խորհրդարանի կազմում միանշանակ կընդգրկվեն իշխող Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Մարտի 30-ին Երևանում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտւտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ընդ որում, քաղաքագետի կարծիքով, մնացած ուժերի ներկայությունը խորհրդարանում կախված է այն բանից, թե քանի տոկոս կհավաքի «Ծառուկյան» դաշինքը:
Հիշեցնենք, որ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալներով, ընտրությունների նախաշեմին կարելի է խոսել օրակարգի խիստ քաղաքականացման մասին՝ բնակչության երեք քառորդը (75%) հետևում է ընտրարշավին: Միաժամանակ, բարձրացել է անորոշության մակարդակը. հարցման մասնակիցների ավելի քան 40%-ը ընտրություն չի կատարել կամ պատրաստ չէ դրա մասին խոսել, 85%-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ընդամենը 26%-ն է գտնում, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում: Իշխանություններից հիմնական պահանջը գործազրկության խնդրի լուծումն է: Առաջիկա ընտրություններում ընտրողների մեծ մասն ուղղորդվելու է թեկնածուի անձով (79%), այլ ոչ թե՝ կուսակցական կառույցին պատկանելությամբ: Մեծամասնության համար կատարյալ թեկնածուն «երիտասարդ ռեֆորմիստն» է՝ հարուստ փորձով և բանակցելու ունակությամբ:
Նշենք նաև, որ Gallup International Association-ի հարցման համաձայն, Հանրապետական կուսակցությունն առաջատար է՝ 29,4%-ով, նրան հետևում են «Ծառուկյան» դաշինքը՝ 28,2 %, «Ելք» դաշինքը՝ 6.1%, ՀՅԴ-ն՝ 4,8%, «Ազատ դեմոկրատները»՝ 4,4%, «Հայկական վերածնունդը»՝ 3,4%, «ՀԱԿ-ՀԺԿ»-ն՝ 2,9%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ՝ 2,5% և Կոմունիստական կուսակցությունը՝ 1,2%: