Արմինֆո. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մարտի 29-ին Ազատության հրապարակից խաղաղության երթ կանցկացնի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա քաղաքացիներին կոչ է արել, անկախ քաղաքական հայացքներից, մասնակցել հանրահավաք-երթին, քանի որ այդ միջոցառման ուղերձը կլինի խաղաղությունը, որի օգտին նախընտրական շրջանում հանդես է գալիս իր ներկայացրած դաշինքը: Ըստ որում, քաղաքական գործիչն ավելացրել է, որ դաշինքը հանդես կգա խաղաղության ծրագրի իրականացման օգտին, եթե նույնիսկ չկարողանա հաղթել ընտրություններում: Այս համատեքստում թեկնածուն ընդգծել է, որ քաղաքական ուժը մտադիր է աջակցել այն իշխանությանը, որը կհամաձայնի իրականացնել խաղաղության ծրագիրը:
Զուրաբյանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո արձագանքներին: Մասնավորապես, շտաբի ղեկավարն ԱԺ փոխնախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովին կոչ է արել զերծ մնալ առաջին նախագահի հասեցին գովասանքներից, քանի որ, նրա կարծիքով, դա բացասաբար է անդրադառնում Տեր-Պետրոսյանի հեղինակության վրա: Իսկ առաջին նախագահի հասցեին քննադատությունը նա ծիծաղելի է համարել՝ խորհուրդ տալով կառավարող կուսակցությանը ներողություն խնդրել ժողովրդից ցավալի իրավիճակի համար, որում հայ հասարակություն հայտնվել է իրենց գործունեության պատճառով:
Նշենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որում կրկին նշվում է տարածքային զիջումների անհրաժեշտույան մասին, հասարակակն լայն արձագանք է գտել: Դրան արձագանքել է նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշել է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանում է բոլորովին այլ փաստաթղթերի հիման վրա, քան առաջին նախագահի կառավարման ժամանակ էր: