Արմինֆո.Ցանկացած այլ երկրի հետ Երևանի հարաբերությունների զարգացման ճանապարհին առկա խոչընդոտները պայմանավորված են Մոսկվային նրա անվերադարձ հավատարմությամբ, համոզված է ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի ավագ գիտաշխատող Ուեյն Մերին:
«Այդպիսով, խոսքը վերաբերում է ոչ միայն Եվրամիությանը կամ Միացյալ Նահանգներին, նման վարքի արդյունքներն ամենատխուր ձևով անդրադառնում են, օրինակ, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, որի հետ հարաբերությունները խորացնում են հարևան Վրաստանն ու Ադրբեջանը», - նշել է նա:
Մերիի կարծիքով, այսօր Եվրամիությունն ու Հայաստանը ցանկանում են պահպանել համագործակցության գոնե նվազագույն աստիճան` քաղաքական նոր պայմանագրի օգնությամբ: Սակայն ստորագրման նախապատրաստվող փաստաթուղթը, նրա գնահատմամբ, ըստ մասշտաբների ոչ մի կերպ չի կարելի համեմատել AADCFTA պայմանագրի հետ, որը նախապատրաստվել էր ստորագրման 3-4 տարի առաջ:
Ընդ որում, ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», վերլուծաբանը դրական է գնահատում այն, որ Բրյուսելում Հայաստանի նկատմամբ հույսը վերջնականապես չեն կորցրել, գտնելով, որ ԵՄ ոչ մի դեպքում չպետք է հրաժարվի հանրապետության հետ ավելի սերտ համագործակցության հաստատումից:
«Այդպիսով, Հայաստանի ներկա վիճակը պայմանավորված է երկրի կառավարության ռազմավարական ընտրությամբ, որը որոշել է իր ապագա անվտանգությունն ու տնտեսական զարգացումը կապել բացառապես Ռուսաստանի հետ: Արդյունքում` Հայաստանն այսօր ծայրաստիճան մեկուսացված երկիր է, թե քաղաքական, և թե տնտեսական առումով», - ամփոփել է Մերին: