Արմինֆո. Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, որի «Տաշիր-գրուպ» ընկերությունը Հայաստանի էլեկտրացանցերի սեփականատերն է, այսօր լրագրողների հետ զրույցում հանդես է եկել իշխանությունների և հարազատ կուսակցության հասցեին խիստ քննադատությամբ:
«Տարիներ շարունակ պետական կառույցներում զանգվածային թալանը շարունակում է մինչև օրս: Մինչդեռ նման մարդիկ չպետք է լինեն պետական համակարգում: Ուզում եք լավ ապրել, զբաղվեք բիզնեսով, այլ ոչ թե պետական ռեսուրսներն օգտագործեք ձեր անձնական շահերը սպասարկելու համար»,- հայտարարել է Կարապետյանը:
Նա նաև ընդգծել է, որ ժողովուրդը խիստ դժգոհ է իշխանություններից, կառավարող կուսակցությունից, ընդդիմությունից, որն անիրականանալի խոստումներ է տալիս: «Թող դուրս գան Երևանից և այցելեն մարզեր, տեսնեն, թե ինչպես են ապրում մարդիկ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իրեն իշխանությունների ներկայացուցիչ կամ կուսակցական գործիչ չի համարում:
Այս համատեքստում Կարապետյանը նշել է, որ Հանրապետական կուսակցությանը պատկանելիությունը բացասաբար կանդրադառնա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր իմիջի վրա /նա առաջադրվում է ՀՀԿ-ից ռեյտինգային համակարգով՝ Լոռու մարզում.-խմբ/:
Անդրադառնալով նախընտրական կաշառքներին՝ Կարապետյանը նշել է, որ ժողովուրդը հիմա այնքան միամիտ չէ, որ գումար վերցնի և քվեարկի մատնանշված թեկնածուի օգտին: