Արմինֆո.Լեռնային-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այս մասին փետրվարի 27-ին, Բրյուսելում, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում»,-նշել է ՀՀ նախագահը: Նա հավելել է, որ սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վստահելու և աջակցելու համար: