Արմինֆո. Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այս մասին փետրվարի 27-ին, Բրյուսելում, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում»,-ասել է ՀՀ նախագահը:
Նա նշել է, որ պարոն Տուսկի հետ քննարկվել է նաև Հայաստան–Եվրոպական միություն օրակարգի այլ հարցեր, անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ «Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,-ասել է նա:
Սարգսյանը նշել է նաև, որ ԵՄ հետ համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են: ԵՄ-ն Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում մշտապես եղել է մեր կողքին և տրամադրել էական ֆինանսական, տեխնիկական ու բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում. բարեփոխվել են հանրային կառավարման, արդարադատության, գյուղատնտեսության, վիճակագրության, պետական գնումների ոլորտները, աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար կատարելագործվել է միջին մասնագիտական կրթության ոլորտը, և բարելավվել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը։ «Մենք վճռական ենք առաջ մղելու այս փոխգործակցությունը վերոհիշյալ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ գրանցելու համար։ Շատ շնորհակալ եմ այս աջակցության համար»,-ասել է ՀՀ նախագահը:
Նախագահը նշել է, որ Հայաստանում մեկ ամսից կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015 թվականին երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներից հետո։ «Պետական կառավարման համակարգի փոփոխության մեր տեսլականը մեկն է՝ վստահորեն առաջընթաց քայլ կատարել ժողովրդավարության հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Այս ընտրությունները նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել նաև ընտրական համակարգը․ բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ նպատակով մենք հրավիրել և ողջունել ենք այս ընտրություններին հնարավորինս մեծաթիվ ու ներկայացուցչական միջազգային դիտորդական առաքելության մասնակցությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանից»,-նշել է նա: Միաժամանակ խրախուսելով, տեղական դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ակտիվ: