Արմինֆո.«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաեւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման եւ բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկն այսօր՝ փետրվարի 27-ին, այցելել են Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ եւ միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաեւ Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Արձանագրվել է, որ Ա. Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից: Տեղեկացվում է, որ նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը արդեն իսկ համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին: