Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ը արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնմանը:
«Առկա տեղեկատվության համաձան՝ փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը, քննելով գործը փակ ռեժիմով, չի բավարարել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման դեմ: Ռուսական կողմն խորը հիասթափություն է հայտնում այդ որոշման առնչությամբ, որը չի համապատասխանում ՌԴ և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մտադիր ենք հետագայում ևս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար ՌԴ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը` նրան շուտափույթ ընտանիքին վերադարձնելու նպատակով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Մինչդեռ, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը, Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին: «Մենք ուշադիր հետևում ենք Լապշինի գործում զարգացումներին և կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ՝ դիվանագիտական և հյուպատոսական խողովակներով»:
Փետրվարի 7-ին Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան բլոգերին տեղափոխել են Բաքու:
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում` Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը բավարարել էր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Ադրբեջանի հարցումը: Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր փաստաբանների բողոքարկումը: