Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մտադիր է ադրբեջանցի զինվորի վերադարձի հարցը քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է նախարարը:
«Մեր զինվորի մարմինը չվերադարձնելը հակահումանիստական քայլ է: Մենք կքննարկենք դա համանախագահների հետ: Մենք մի քանի անգամ համաձայնության ենք եկել մարտերի ընթացքում զոհվածների մարմինների վերադարձի շուրջ»,- նշել է նա:
2016 թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել էր դիպուկահարների և նռնականետերի կրակ: Ինչպես հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կորցրել էր 7 մարդ, որոնցից մեկի դիակը մնացել էր Հայաստանի տարածքում: Եվս 5 ադրբեջանցի զինծառայող էր սպանվել դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ձեռնարկած պատժիչ միջոցառումների ընթացքում: