Արմինֆո.Հովիկ Աբրահամյանի հեռանալն առաջիկա ընտրություններում ՀՀԿ հզորացմանը չի խոչընդոտի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նախկին վարչապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանն արդեն հաստատել է ՀՀԿ-ից իր դուրս գալու վերաբերյալ տեղեկատվությունը, դա պայմանավորելով ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրությամբ: Աբրահամյանը խոստացել է իր որոշման մասին ավելի մանրամասն պատմել ամենամոտ ապագայում:
«Դեռ մեր կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը պնդում էր, որ ՀՀԿ-ին անդամակցում են ոչ թե վերցնելու համար, այլ եռանդ, ժամանակ ու քրտինք տալու համար: Ոչ ոք չի ժխտում Աբրահամյանի դերը կուսակցության զարգացման գործում, սակայն ժամանակն ընթանում է առաջ, մենք զբաղված ենք կուսակցաշինությամբ և կուսակցության խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստությամբ և մնում ենք առաջատարը Հայաստանի քաղաքական դաշտում, ինչում բոլորը հնարավոություն կունենան համոզվելու ապրիլի 2-ի երեկոյան», - հայտարարել է Շարմազանովը:
Նա նաև նշել է, որ Աբրահամյանի հեռանալը, որում ինքը արտառոց ոչինչ չի տեսնում, ոչ մի կերպ չի թուլացնի կուսակցութայն շարքերը, որը, նրա գնահատմամբ, համախմբվելով իր առաջնորդի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, վստահորեն ընթանում է նոր ձեռքբերումների ուղղությամբ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ՀՀԿ աղբյուրները, արդեն հաղորդել է, որ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Մոսկվայում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո: ՀՀԿ-ում գործակալության աղբյուրները պնդում են, որ հենց Մեդվեդևն է Աբրահամյանին խորհուրդ տվել դուրս գալ կուսակցությունից` այն բանից հետո, երբ նախկին վարչապետը գանգատվել է, որ հարազատ ՀՀԿ-ում իր դիրքերը բավական խարխլվել են: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի վարչապետն Աբրահամյանին խորհուրդ է տվել առաջիկա ընտրություններին մասնակցել «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Հայաստան վերադառնալուն պես Աբրահամյանը հանդիպել է որոշ հայտնի հանրապետականների հետ, փորձելով նրանց համոզել միասին լքել ՀՀԿ-ն և միանալ Ծառուկյանի դաշինքին: Թե ինչով են ավարտվել բանակցությունները, չի հաջողվել պարզել, սակայն ինքը` Աբրահամյանը, այդուհանդերձ, դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Իսկ դրանից հետո հանդիպել է Ծառուկյանի հետ` նրա գլխավորած դաշինքին միանալու հարցը քննարկելու նպատակով: Սակայն Ծառուկյանը անսպասելի մերժել է Աբրահամյանին, դա բացատրելով այն հանգմանքով, որ դաշինքին Աբրահամյանի միանալն ընտրազանգվածը ճիշտ չի ընկալի: