Արմինֆո.ՀՔԾ-ն կարճել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «օֆշորային սկանդալի» հետ կապված քրեական գործը:
«Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում: Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական ‘‘LGT’’ բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին։
Հայտնում ենք, որ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- ասվում է Միհրան Պողոսյանի գրասենյակի հաղորդագրությունում:
ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, ԴԱՀԿ նախկին պետը պատգամավոր կառաջադրվի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Երևանի առաջին ընտրատարածքում /Ավան-Քանաքեռ Զեյթուն/:
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 2-ին ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել Պանամայի օֆշորային գործարքների առնչությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) հրապարակել են օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետազոտություն: Խոսքը վերաբերում է շուրջ 11,5 մլն փաստաթղթին, որոնք բացահայտում են ՙստվերային տնտեսության՚ մասշտաբները, որին մասնակցում են համաշխարհային հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ: Ըստ այդ փաստաթղթերի՝ Միհրան Պողոսանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ՚ (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ՚ (Hopkinten Trading Incorporated),«Բանջիո ինվեստ՚ (BANGIO INVEST S.A.),բաժնետեր է: Այնտեղ գրանցված ընկերությունների միջոցով նա զբաղվում է բիզնեսով՝ թաքցնելով ստացվող եկամուտները: