Արմինֆո. Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավերներ են ուղարկվել 4 միջազգային կազմակերպությունների` Եվրախորհրդին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը:
Հունվարի 16-ին ԵԱՀԿ/ԺՄԻԳ հանձնարարականներ էր ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: ԵԱՀԿ/ԺՄԻԳ, մասնավորապես, հանձնարարում է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն ծավալել, ինչը հնարավոր կլինի Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերն ստանալուց հետո: «Ի լրումն հիմնական թիմի` ԵԱՀԿ/ԺՄԻԳ առաջարկում է գործուղել 24 երկարաժամկետ դիտորդների ԵԱՀԿ մասնակից պետություններից` երկրով մեկ ընտրական գործընթացը դիտարկելու նպատակով, 250 կարճաժամկետ դիտորդների` ընտրությունների օրը դիտարկման համար: Ստանդարտ մեթոդաբանությանը համապատասխան, ԵԱՀԿ/ԺՄԻԳ առաքելությունը կներառի ԶԼՄ դիտարկման տարր», - ասվումէ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են ապրիլի 2-ին: ՀՀ ԿԸՀ որոշմամբ, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին և ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին, ժամը 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00: Դրանք կլինեն առաջին ընտրությունները` 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի: