Արմինֆո. Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և Կալիֆորնիայի Գոլդեն Սթեյթ բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը հունվարի 18-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է նպաստել երկու հեղինակավոր հաստատությունների միջև սերտ համագործակցությանը և հնարավորություն տալ երկու բանկերի ներկա և ապագա հաճախորդներին օգտվելու մյուս բանկի ծառայություններից և միմյանց շուկաներից: «Սա համագործակցությնա նոր էջ է Հայաստանի և ԱՄՆ բանկային համակարգերի միջև, որը կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը դեպի Կալիֆորնիայի բանկային շուկա և Սփյուռքի ներկայացուցիչներին թույլ կտա Նահանգներում օգտվել Ամերիաբանկի ծառայություններից, ինչպես նաև ներդրումներ կատարել Հայստանի տնտեսությունում, ինչը դրականորեն կանդրադառնա տնտեսական զարգացման վրա»,-նշել է Գոլդեն Սթեյթ բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը, հուշագիրը համարելով Հայաստանի համար ռազմավարակն արժեք:
Իր կողմից, Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պարզաբանել է, որ այսուհետ հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս Գոլդեն Սթեյթ բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից և ծառայություններից Գոլդեն Սթեյթ բանկի միջնորդությամբ:
«Սա հայկական բանկի և ամերիկյան առևտրային բանկային հաստատության միջև նմանատիպ համագործակցության առաջին փորձն է, որը ՀՀ քաղաքացիներին աննախադեպ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք Կալիֆորնիայում և օգտվել բանկային ծառայությունների լայն տեսականուց Գոլդեն Սթեյթ բանկից ֆինանսավորում ստանալու միջոցով՝ նախապես դիմելով Ամերիաբանկ»,-նկատել է Տ.Ջրբաշյանը: Նրա խոսքով, հուշագրի շրջանակներում բանկերի հաճախորդներին հասանելի կլինեն բանկային բազմաթիվ ծառայություններ, այդ թվում` հաշիվների բացում, քարտերի թողարկում, ավանդների ձևակերպում, բանկային և միջբանկային գործառնություններ, խորհրդատվական ծառայություններ, վարկունակության գնահատում և այլն: Ծառեայությունների մատուցման պայմանները ներկայումս գտնվում են բանակցային փուլում և կսահմանվեն ըստ հաճախորդի պահանջների, հավելել է նա:
Անդրադառնալով Կալիֆորնիայի շուկային, Ջրբաշյանը նշել է, որ այն խոշոր է, իսկ ֆինանսական հնարավորությունները 2 անգամ գերազանցում են ֆրանսիական, ռուսաստանյան և հայկական մյուս խոշոր սփյուռքների հնարավորությունները: «Կալիֆորնիան խոշոր գործընկեր է ներդրումների, տրանսֆերտների և բարեգործական ծրագրերի առումով»,-նկատել է նա: Այդ կապակցությամբ կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շնորհիվ կհաջողվի ներդրումների ծավալներն ԱՄՆ-ից Հայաստան, ինչպես նաև մատուցվող ծառայությունների թիվը: «Հուսով ենք, որ համագործակցոթյունը կընթանա «win-win» ձևաչափով»,-ասել է Տ.Ջրբաշյանը:
Կողմերը դժվարացել են հստակ կանխատեսումներից: Բայց այդ առումով Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Գնահատականներ չկան, բայց հաշվի առնելով մեր հայրենակիցների թիվը Կալիֆորնիայում, ինչպես նաև այնտեղ ձեռք բերած հաջողությունները, գտնում ենք, որ ներուժը բավականին բարձր է: Խոսքը գնում է միլիարդավոր դոլարների մասին: Եթե մենք կարողանանք նվաճել վստահություն, ապա կհաջողվի Հայաստան ներգրավել խոշոր ներդրումներ, նույնիսկ ավանդների տեսքով: Իսկ ինչո՞ւ ոչ»:
Ըստ Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկը պահպանում առաջատարի դիրքերն ակտիվների գծով` 524.1 մլրդ դրամ (տարեկան աճը`18.5%), ընդհանուր վարկային ներդրումներով (352,3 մլրդ դրամ, տարեկան աճը`21, 4%), այդ թվում `տնտեսության վարկավորման գծով (306,8 մլրդ. դրամ, տարեկան աճը`22,4%): Բանկն առաջատարների շարքում է նաև արդյունաբերական հատվածի (ներառյալ էներգետիկ համալիրը), գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտների վարկավորման գծով: Վարկային միջոցների արդյունավետ տեղաբաշխումը բանկին թույլ տվեց 2016 թվականի առաջին 9 ամիսներն ապահովել 3.5 մլրդ դրամի զուտ շահույթ (1 տեղը շուկայում): Հատկանշական է, որ այդ բանկն առջևում է նաև պարտավորությունների, մասնավորապես, ընդհանուր, այնպես էլ ժամկետային և ցպահանջ ավանդներ ավանդների գծով: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի բաժնետերերն են`Америя Групп CY Ltd - 79,3% և EBRD - 20,7% մասնակցությամբ: