Արմինֆո.Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Յոուզաս Բեռնատոնիսին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր գործունեություն։
Յուոզաս Բեռնատոնիսն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և որ պատմականորեն լիտվացի և հայ ժողովուրդների հարաբերություններում առկա է խորը հարգանք։ Վերջինս նաև ավելացրել, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական կապերն ակնհայտ աճ են արձանագրել։ Նա նաև ընդգծել է Լիտվայում հայ համայնքի ակտիվ դերակատարության մասին։
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին՝ պայմաններ ստեղծելով դրանք ընդարձակելու համար։ Հանձնաժողովի նախագահն իր հերթին նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ բարեկամության խումբը Լիտվայի Սեյմասի ամենամեծ խմբերից մեկն է պետք է օգտվել այդ հնարավորությունից և խորացնել նաև միջխորհրդարանական հարաբերությունները։
Դեսպան Մկրտչյանը նաև ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող վերջին զարգացումները։ Յուոզաս Բեռնատոնիսը վերահաստատել է, որ Լիտվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համահունչ է ԵՄ դիրքորոշմանը։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները մոտ ապագայում հաջող ավարտ կունենան։