Արմինֆո.Առաջիկա խորհրդարանական ընտրություններում սպասվում է հետաքրքիր մրցապայքար: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրությունները:
ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու հայտ էր, եւ այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, «որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ»:
«Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց եւ առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի եւ կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարեւորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետեւաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին եւ կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, եւ դա ողջունելի է», - նշել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են ապրիլի 2-ին: Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո, երբ որոշել էր անցնել արմատական ընդդիմության ճամբար: Սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդել էին նախագահի աշխատակազմին մոտ ԱրմԻնֆո-ի աղբյուրները, Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է քաղաքականություն վերադառնալու և խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ հետ միասնական դաշինքում համախմբվելու շուրջ: