Արմինֆո. Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ով Բաքվի պահանջով ձերբակալվել էր Բելառուսի իշխանությունների կողմից:
Ցուցարարները հանդիպում են պահանջել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ, որպեսզի նամակ հանձնեն նրան, սակայն, դիվանագետը դուրս չի եկել նրանց մոտ:
Բողոքի ակցիան նախաձեռնել են ՀՅԴ երիտասարդական թևը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի Հանրապետության պահանջով ձերբակալվել է Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինը: Նրան մեղսագրվում է առանց Ադրբեջանի թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելը: Ադրբեջանի Հանրապետությունը նրան ներառել է իր սև ցուցակում, և դատախազությունը քրեական գործ է հարուցել` Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման մեղադրանքով: Մենք արդարացիորեն պահանջում ենք, որ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինները տուրք չտան Ադրբեջանի կեղծ և ստահոդ պահանջին և հարգեն ազգերի ինքնորոշման և ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի` իրավական փաստաթղթի վրա, որը հիմնված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասինե օրենքի վրա: Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ բնակչության 99%-ը քվեարկել է անկախության օգտին: Կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության իշխանություններին` անաչառությամբ և համակողմանիորեն մոտենալ այս հարցին և տուրք չտալ Ադրբեջանի Հանրապետության մտացածին պահանջին»:
Ավելի վաղ ՀՀ Փաստաբանների պալատը ձևավորել էր մասնագիտական աշխատանքային խումբ, որը գտել է, որ Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազի պահանջով անթույլատրելի է, քանի որ այն հակասում է միջազգային և Բելառուսի ներպետական իրավական ակտերի պահանջներին։
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:
Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունում հայտնել են, որ ուսումնասիրում են Լապշինին հանձնելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը, բայց որևէ որոշում դեռ չի ընդունվել: Բլոգերին արդեն այցելել են Իսրայելի և Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ