Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ, մասնավորապես՝ ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է:
Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է Հայաստանի 2500-3000 քաղաքացի: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպաաատոս կարող է նշանակվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի 9 ամիսներին ԱՄԷ և Հայաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 71,4 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,1 անգամ: Ներմուծվող հիմնական ապրանքներն են շինանյութերը, ներկերը, շաքարը, նպարեղենը, թուղթը, կահույքը, էլեկտրատեխնիկան, փոխադրամիջոցները: Արտահանվող հիմնական ապրանքներն են պղինձը, ալյումինը, բնական և արհեստական մարգարիտը: