Արմինֆո. Հունվարի 8-ին Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկել է ձմեռային զորակոչը:
Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծառայության մեկնող յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի, որ Հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց այլևս դառնում է հայրենիքի պաշտպան, Հայոց բանակի արժանի զինվոր, ում նայելով հասարակությունը գիտակցում է, որ հայրենիքը պաշտպանված է: Զինված ուժերի ղեկավարությունն ու հրամանատարությունն էլ իր հերթին անում են ամենայն հնարավորը, որպեսզի բանակային երկու տարիները ծառայեն ի նպաստ հայ զինվորի գիտելիքների ու հմտությունների հարստացման, նրա հայրենասիրական հատկանիշների առավել բարձրացման: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին այն դաստիարակության ու հայրենասիրական ոգու համար, որով մեծացրել են իրենց զավակներին՝ անկախության սերնդի ներկայացուցիչներին: