Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ուտելիքի նկատմամբ բացարձակ բծախնդիր չէ: Անգամ Նոր տարվա գիշերը չկա որևէ ճաշատեսակ, առանց որի նա չի պատկերացնում տոնական սեղանը:
Հայաստանի գլխավոր ֆինանսական հաստատության ղեկավար Վարդան Արամյանը Ամանորը պատրաստվում է անցկացնել Հայաստանում՝ իր ընտանիքի հետ: “Չնայած հայերը սիրում են Նոր Տարվա սեղանը “զարդարել” տարբեր համեղ ճաշատեսակներով՝ տոնական սեղանի շուրջ կարևորը ոչ թե ճաշատեսակներն են, այլ՝ տրամադրությունը,”-ասաց Արամյանը: Միաժամանակ նա խոստովանեց, որ խոհանոցում իր տիկնոջ համար նա լավագույն օգնականը չէ:
Ֆինանսների նախարարի մանկության ամենավառ հիշողությունը կապված է հեծանիվի հետ, որն իրեն նվիրել է հայրը: “Երկու տարի շարունակ հայրս ինձ համար հեծանիվ չէր գնում, և ես շարունակ ինքս ինձ հարց էի տալիս, թե որն է պատճառը, որ հայրս այն չի գնում: Անկեղծ ասած, նա իմ առջև երկու պայման էր դրել `գերազանց ավարտել քառորդը և դառնալ Երևանի չեմպիոն այն մարզաձևում, որում ես մարզվում էի: Ես երկուսն էլ կատարեցի և նվեր ստացա “Շկոլնիկ” մակնիշի հեծանիվ,” -իր հուշերով կիսվեց նախարարը:
Նախարարի համար ամենահիշարժան Նոր Տարին այն տարին էր, երբ ծնվեց իր առաջնեկը: “Դուստրս ծնվեց դեկտեմբերի 5-ին: Կինս Ձմեռ պապու տարազ էր գնել իր համար և, երբ հագցրեցինք այն երեխային, շատ զվարճացանք,” -պատմեց նախարարը:
Նոր տարվա օրերին Ձմեռ պապուց նախարարը խնդրում է հայ ժողովրդի համար խաղաղություն: “ Ես միշտ երազել եմ, որ Հայաստանն ընկալվի որպես աշխարհի ամենահզոր երկրներից մեկը,”- ասաց Վարդան Արամյանը: