Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունների առնչությամբ ՀԱՊԿ հայտարարությունը երեք կարևոր ուղերձ է պարունակում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Առաջին կարևոր ուղերձը հայտարարության բուն փաստն է: Դա, ըստ էության, ՀԱՊԿ առաջին հայտարարությունն է, որում շատ թափանցիկ մատնանշվում է դրա հասցեատերը և դիվերսիայի նախաձեռնողը: Երկրորդն այն է, որ ՀԱՊԿ-ն այս անգամ հստակ գնահատական է տալիս Ադրբեջանի գործողություններին՝ «սադրանք» անվանելով սահմանին միջադեպը: Եվ երրորդ՝ ամենագլխավոր ուղերձն այն է, որ առաջին անգամ այնպիսի լուրջ միջազգային կառույցի հայտարարությունում՝ ինչպես ՀԱՊԿ-ը, Արցախը պաշտոնապես հիշատակվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կարծում եմ, որ բոլոր այս փաստերը վկայում են, որ Երևանի կողմից իրականացվող ուղեգիծն ընկալելի է միջազգային հանրության և մեր գործընկերների կողմից»,- ընդգծել է փոխխոսնակը:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք՝ հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի լույսի ներքո, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերի շնորհիվ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը, վերջապես, ավելի ակտվ կընթանա: Սակայն, վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները պարբերաբար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ, առավել ևս՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը հանգեցրեց զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան: «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: