Արմինֆո. Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է, facеbook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»,-գրել է նա:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան: «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: