Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված՝ ՀՀ ԱԳՆ-ը համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ինչպես հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պետական սահմանին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Հովհաննիսյանի, հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: Ադրբեջանական կողմի զոհերի մասին ավելի որոշակի տվյալներ դեռ չկան: