Արմինֆո. Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Այդ մասին հայտարարել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նորընտիր առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը` կուսակցության համագումարում:
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, թե նախկին նախարարը պատասխանատավություն չի կրում նաև ապրիլյան պատերազմի համար: «Ընդհակառակը, Օհանյանը հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկն է և շատ բան է արել երկրի համար: Ճգնաժամային իրավիճակի համար պատասխանատվություն է կրում մեկ մարդ` Սերժ Սարգսյանը», - նշել է կուսակցության առջանորդը:
Դալլաքյանը նաև բացառել է հնարավորությունը, որ Օհանյանի հետ համագործակցությունը երբևէ կարող է դադարեցվել: «Ընդհակառակը, այդ համագործակցությունը ժամանակի ընթացքում կխորանա», - եզրափակել է քաղաքական գործիչը:
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության համաձայն, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբումը», «Ժառանգությունը» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մտադիր են համատեղ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ կուսակցություններին մտադիր է միանալ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որին սատարելու մասին արդեն հայտարարել է Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միացյալ Հայաստան» շարժումը: Շրջանառվող լուրերի համաձայն, ընդդիմադիր դաշինքը ֆինանսավորելու են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը և Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 20-ին հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ձևավորելով նոր թիմ, որը, նրա կարծիքով, ավելի արդյունավետ կկառավարի երկիրը: Նա նաև հայտարարել է, որ քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում շատ քաղաքական ուժերի հետ, սակայն մանրամասները կներկայացնի ավելի ուշ: