Արմինֆո.ՀՕՊ տարածաշրջանային համակարգը պաշտպանելու է միայն Հայաստանի տարածքը և օդային տարածությունը: Այդ մասին դեկտեմբերի 21-ին Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հարցին, թե ինչ տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հերթական սրման դեպքում, և ինչպե՞ս է այդ իրավիճակում գործելու ՀՕՊ համակարգը:
Պանկովի խոսքով, համաձայնագիրը հստակ պատասխան է տալիս այդ հարցին՝ համաձայնագրի գործողությունը տարածվում է Հայաստանի տարածքի և օդային տարածության վրա: Կոսաչևն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքի մաս չի հանդիսանում, այդ պատճառով ՀՕՊ համակարգերն այնտեղ չեն գործելու:
Դեկտեմբերի 14-ին ՌԴ Պետդուման վավերացրել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում և նախատեսում է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի (ՄՏՀ) ստեղծում` որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի բաղադրամաս: ՀՕՊ ՄՏՀ հիմնականն խնդիրները հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ գծով մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է, ինչպես նաև ՀՕՊ ՄՏՀ սպառազինությունն ու մարտական տեխնիկան կիրառման համար մշտական պատրաստության վիճակում պահելը և ՀՕՊ մյուս տարածաշրջանային համակարգերի կազմում ընդգրկված զորքերի հետ փոխգործակության իրակացումը: ՀՕՊ ՄՏՀ զորքերի և ՀՕՊ մյուս տարածաշրջանային համակարգերի կազմում ընդգրկված ուժերի համատեղ գործողությունները կհամակարգի Ռուսաստանի օդատիեզերային ուժերի գլխավոր հրամանատարը: ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարությունը կիրականացնի Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ենթադրվում է, որ Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունները խաղաղ ժամանակ կկազմակերպեն ՀՕՊ ՄՏՀ զորքերի կիրառման պանավորումը, դրանց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը և համատեղ օպերատիվ ու մարտական պատրաստությունը: ՀՕՊ հերթապահների կողմից զենքի կիրառման կարգը կսահմանվի այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում հայտնվի այն օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը: