Արմինֆո. Լավագույն դեպքում Սիրիային սպասում է Իրաքի, վատագույն դեպքում՝ Լիբիայի ճակատագիրը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
«Բաշար Ասադն, իհարկե, կմնա Դամասկոսում: Նրա կողմնակիցները կվերահսկեն Հալեպը, Միջերկրական ծովի ափը: Թուրքական սահմանի հարակից տարածքի մի մասը կմնա Թուրքիայի վերահսկողության տակ: Քրդերով բնակեցված տարածքները դե-ֆակտո անկախություն ձեռք կբերեն: «Իսլամական պետությունը», այնուամենայնիվ, կոչնչացվի, սակայն՝ միայն պաշտոնապես, շարունակելով մնալ գլոբալ քաղաքականության իրական գործիք: Եվ նույնիսկ եթե ԻԼԻՊ-ը ոչնչացվի Սիրիայում և Իրաքում, գրոհայինները կտեղափոխվեն, օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրներ»,- նշել է նա:
Սկակովը չի բացառում նաև որոշ տարածքների՝ սիրիական ընդդիմության վերահսկողության տակ թողնելը, որի ճակատագիրն այսօր տարածաշրջանային և գլոբալ խաղացողների միջև սակարկության առարկա է: Սակայն, ամեն դեպքում Սիրիան, ըստ նրա, կմնա ինքնիշխան պետություն՝ միայն ֆորմալ կերպով:
ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված, դեկտեմբերի 20-ին Մոսկվայում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է վերջիններիս աջակցութունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև սիրիական հակամարտության ռազմական լուծման բացակայության համոզմունք է հայտնվում: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ողջունում են Արևելյան Հալեպում համատեղ գործողությունները, որոնք թույլ են տալիս անցկացնել քաղաքացիական բնակչության կամավոր տարհանումը: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել նպաստել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև ապագա համաձայնագրի մշակմանը և հանդիսանալ դրա երաշխավորը՝ հաստատելով ԻԼԻՊ-ի և Ան-Նուսրայի դեմ համատեղ պայքարելու վճռականությունը: