Արմինֆո. Ըստ երևույթին, ուրվագծվում է Սիրիայի շուրջ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի եռակողմ պայմանավորվածությունների փորձ՝ մնացած տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային գործընկերների ու հակառակորդների հաշվին, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Նման եզրակացության կարելի է գալ՝ վերլուծելով ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հայտարարության տեքստը «սիրիական հակամարտության դադարեցման նպատակով քաղաքական գործընթացի աշխուժացմանն ուղղված համաձայնեցված միջոցների վերաբերյալ»: Կարծում եմ, որ Մոսկվան, Թեհրանը և Անկարան առաջին հերթին մտադիր են սիրիական գործընթացից դուրս թողնել Վաշինգտոնին և Պարսից ծոցի սունիական միապետություններին»,- նշել է նա:
ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված, դեկտեմբերի 20-ին Մոսկվայում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է վերջիններիս աջակցութունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև սիրիական հակամարտության ռազմական լուծման բացակայության համոզմունք է հայտնվում: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ողջունում են Արևելյան Հալեպում համատեղ գործողությունները, որոնք թույլ են տալիս անցկացնել քաղաքացիական բնակչության կամավոր տարհանումը: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել նպաստել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև ապագա համաձայնագրի մշակմանը և հանդիսանալ դրա երաշխավորը՝ հաստատելով ԻԼԻՊ-ի և Ան-Նուսրայի դեմ համատեղ պայքարելու վճռականությունը:
Փորձագետն ընդգծել է Սիրիայի շուրջ Իրանի և Թուրքիայի հետ պայմանավորվածությունների կարևորությունը Մոսկվայի համար, մասնավորապես՝ Արևելյան Հալեպում իրավիճակի կարգավորման առնչությամբ: Այս առումով նա նշել է Թուրքիայում ռուս դեսպանի սպանության առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի և Կրեմլի բավական մեղմ արձագանքը:
Մինասյանը գտնում է, որ Անդրեյ Կառլովի սպանությունը մեծ հաշվով կարող էր կապ ունենալ Արևելյան Հալեպի շուրջ ապագա եռակողմ պայմանավորվածություններ հետ: Սակայն, ըստ նրա, դա չափազանց դավադրական վարկած կլիներ՝ այն լուրջ քննարկելու և, առավել ևս, վերլուծելու համար: