Արմինֆո.Հայաստանն իր արտաքին քաղաքականությունում շատ ազնիվ և անկեղծ է իր գործընկերների հետ: Այդ մասին Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մեկ պետության հետ չենք համագործակցելու՝ ի վնաս այլ պետությունների: Մեր պետության և մեր հարևան պետությունների չափը մեզ համար հիմնավորում են այն մոտեցումը, որ մեզ պետք է իսկապես կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացահայտի մեր բիզնեսների համար: Մեզ նաև անհրաժեշտ է բոլորին համոզել, որ մենք շատ հանդուրժող ազգ ենք, թեպետ բոլորը մեզ ճանաչում են որպես հակամարտության կողմի: Կարծում եմ, որ մեր կենսակերպն ապացուցում է դա, քանի որ մեր ազգի երեք քառորդն ապրում է արտերկրում՝ որպես այլ պետությունների օրինապահ քաղաքացիներ: Մենք բավարար չափով զգացել ենք պատերազմների հետևանքները, որպեսզի շատ զգայուն լինենք խաղաղության արժեքի նկատմամբ, և մեզ շատ է մտահոգում մեր անվտանգությունը»,- ասել է Կարապետյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կցանկանար, որպեսզի այլ պետությունների քաղաքացիները և ընկերություններն իմանային Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն՝ Կարապետյանը նշել է. «Մենք գիտենք խաղաղության արժեքը և շատ երախտապարտ ենք մեր բարեկամներին: Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը»: