Արմինֆո. Չեմ կարծում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական ասպարեզ վերադարձը էական փոփոխություններ կմտցնի Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության մասին Օհանյանի հայտարարությունը:
Պատգամավորի խոսքով, ՀՀԿ-ն՝ որպես առանցքային քաղաքական ուժ, պատրաստ է համագործակցել կամ մրցակցել ցանկացած ուժի հետ:
Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է Հայաստանի քաղաքական և ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու մտադրության մասին՝ հիմնավորելով դա հանրապետությունում ստեղծված իրավիճակում որակական փոփոխություններ մտցնելու ցանկությամբ:
Նախօրեին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, որ աաջիկայում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կհայտարարի քաղաքականություն վերադարձի մասին: «Երկրում առկա խնդիրների և դրանց լուծման ճանապարհների նկատմամբ մեր դիրքորոշումները համահունչ են: Առաջիկայում նա հանդես կգա հայտարարությամբ քաղաքականություն վերադարձի մասին և կպատասխանի բոլոր հարցերին», - ընդգծել էր Դալլաքյանը:
Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, պաշտպանության նախարարի պաշտոնից իրեն ազատելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Օհանյանին շատ է վիրավորել: Դրանից հետո Օհանյանին առաջարկել են տարբեր բարձր պաշտոններ, սակայն նա չի համաձայնել: Ավելին, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, Օհանյանը նույնիսկ երկու անգամ մերժել է Լեռնային Ղարաբաղում տարբեր միջոցառումների ներկա գտնվելու Բակո Սահակյանի հրավերները: