Արմինֆո.Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի քաղաքական և ընտրական գործընթացներին: Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Նա նշել է, որ կանգնած լինելով մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չի կարող հանգիստ եւ անտարբեր դիտորդի կարգավիճակով հետեւել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: «Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձեւավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի եւ պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին», - ընդգծել է նախկին նախարարը:
Նրա կարծիքով, սահմանադրական փոփոխություններից հետո առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը արմատապես տարբերվում են մյուսներից, քանի որ անցում է կատարվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին:
Ընդ որում, նախկին նախարարը հավելել է, որ արդեն սկսել է խորհրդակցությունների շարք քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: «Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձեւաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձեւավորելու նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ», - ընդգծել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը նախօրեին հայտարարել էր, բազմիցս հանդիպել է Օհանյանի հետ, և երկրում առկա խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների նկատմամբ իրենց դիրքորոշումները համահունչ են: Ավելին, նա չէր բացառել, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, որն ինքը մտադիր է գլխավորել, համագործակցի Օհանյանի հետ: Իսկ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ը հաղորդել էին, որ Օհանյանը բանակցություններ է վարում նախկին արտգործնախարարներ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի հետ` նախընտրական դաշինք ձևավորելու համար: