Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ս.Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:
Թուրքիայում ՌԴ դեսպանը մահացել է կյանքի հետ անհամատեղելի 11 հրազենային վիրավորումներից: Ռուսաստանի ԱԳՆ տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Ըստ նախնական տվյալների, դեսպանին կրակել է 1994 թվականին ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով ավարտել էր Իզմիրի ոստիկանական դպրոցը: Նա ցուցահանդեսի սրահ էր մտել ոստիկանի վկայականի շնորհիվ: