Արմինֆո. Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես հայտարարել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ արտացոլված է ստեղծված իրավիճակի անընդունելիությունը և վտանգը, ինչը կարող է ամեն պահի սրվել; թվարկվում են քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հակամարտության փուլային կարգավորման համար; մատնանշվում է, որ առաջին քայլով պետք է դադարեցվի Լեռնային Ղարաբաղի և շրջակա շրջանների օկուպացիան; ապահովվի հարկադիր տեղահանվածների վերադարձը: Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ԶՈւ ապօրինի գտնվելը հակամարտության գոտում լարվածության հիմնական պատճառն է, ինչը քաղաքական կարգավորման գլխավոր խոչընդոտն է»:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ապրիլյան իրադարձությունները հերթական անգամ ապացուցել են ստատուս-քվոյի անընդունելիությունը: « Համաշխարհային ողջ հանրությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահող եկրները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի անթույլատրելիության մասին: Ստատուս-քվոն փոխելու համար առաջին քայլը պետք է լինի հայկական զորքերի դուրսբերումը: Ադրբեջանը Վիեննայում և, հատկապես, Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով հանդիպումները համարում է դրական քայլ՝ ճիշտ ուղղությամբ: Ինչպես նշվել է հայտարարության մեջ, ադրբեջանական կողմը տվյալ պահին հանդես է գալիս բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռքբերման օգտին, սակայն հայկական կողմը, սուբստանտիվ բանակցություններից խուսափելու նպատակով, պահանջներ և պայմաններ է առաջ քաշում, խուսափում հանդիպումներից, հարվածի տակ դնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, լարվածություն ստեղծում ճակատագծում և խաղաղարար բանակցությունները տապալելու բացահայտ քաղաքականություն վարում»,- նշել է Հաջիևը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն բանակցություններին Հայաստանի կառուցողական մասնակցությունն ապահովելու համար:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարները հայտարարություն են տարածել, որում հավատարմություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցությունների հիման վրա: «Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը` որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համերաշխության հաստատման միակ ճանապարհ: Մենք նաև կողմերին կոչ ենք անում խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին», - ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունում:
Ընդ որում, տարածված հայտարարությունում Երևանին ու Բաքվին կոչ է արվում պահպանել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Միջնորդները նաև հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, հետագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ: