ԱրմԻնֆո: Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իր ելույթում հայտարարել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Նրա համոզմամբ, Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը և նոր էներգիա հաղորդել բանակցություններին, որպեսզի գտնվի խնդրի՝ կողմերի համար ընդունելի լուծում: Նրա խոսքով, հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունը, Լեռնային Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի լույսի ներքո, կոչ է անում բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած առաջարկների շուրջ: «Մենք շարունակում ենք ակնկալել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարում»,- ասել է Մոգերինին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստել է, որ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարմությունը կարևոր դեր է խաղում այլ բարդ խնդիրների լուծման հարցում՝ ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը: Նախարարի համոզմամբ, հակամարտությունները պետք է կարգավորվեն գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում՝ բոլոր կողմերի շահերի հավասարակշռության պահպանման պայմանով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադբեջանի միջև ձգձգվող հակամարտությունը սպառնալիք է հանդիսանում Եվրոպայի անվտանգության համար: Նրա խոսքով, սպառնալիքը, որին բախվել է Եվրոպան, կապված է ոչ միայն Ուկրաինայի հետ, այդ շարքում են նաև Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Վրաստանում հակամարտությունները:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը /Ավստրիան 2017 թ. կնախագահի ԵԱՀԿ-ում-Խմբ./ ասել է, որ ԵԱՀԿ տարածությունում 2016 թ. նշանավորվել է մի շարք մարտահրավերներվ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումը. «Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորել հնարավոր չէ: ԵԱՀԿ-ն շատ կարևոր դեր է խաղում երկխոսություն վարելու հարցում»:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կրկին հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի անընդունելիության մասին: ««Ադրբեջանի տարածքների» օկուպացիայի շարունակումն ընթացիկ տարվա ապրիլին շփման գծում իրավիճակի սրման պատճառ հանդիսացավ: Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը դրական քայլեր են ձեռքբերվել, և այսօր Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր կխաղա խնդրի լուծման հարցում»,- ասել է Մամեդյարովը:
Ղարաբաղյան հակամարտությանն է անդրադարձել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Իր ելույթի ժամանակ նա ընդգծել է, որ ահաբեկչության հետ միասին, անհրաժեշտ է կանխել այնպիսի հակամարտությունների առաջացումը, ինչպես՝ ղարաբաղյան, մերձդնեստրյան, աբխազական և հարավօսական. «Ստեղծված իրավիճակն անընդունելի է: Այդ հակամարտությունների չլուծվածությունը վտանգի տակ է դնում մեր նկատմամբ վստահությունը»: