Արմինֆո. Գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարևոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարում:
Նրա ասելով, նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: «Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը: Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ», - նշել է նախագահը: Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ համար անհրաժեշտ է 2017 թվին անցկացնել արդար և թափանցիկ խորհրդարանական ընտորւթյուններ, բարեփոխումների գործընթացը շարունակելու համար:
«Մենք շարունակում ենք լինել այն հիմնական քաղաքական թիմը, որը Հայաստանում իրականացնում է քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները։ Պատահական չեմ օգտագործում «թիմ» եզրույթը։ Այո՛, ես համոզված եմ, որ հանրապետական լինելը առաջին հերթին նշանակում է լինել գործընկեր, լինել թիմակից, լինել համախոհ: Սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ մենք մեր համախոհների և գործընկերների շարքերը սահմանափակում ենք միայն մեր կուսակցական ընկերներով: Դրա լավագույն ապացույցն է մեր կառավարությունը, որի կազմում Հանրապետականի հետ արդյունավետորեն համագործակցում և աշխատում են մեր կոալիցիոն գործընկերները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, մեր անկուսակցական գործընկերները, ովքեր լուրջ պատասխանատվության շրջանակներ են ստանձնել: Այդ իրականությունն ապացուցում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցական ղեկավարներ իրենց ճակատագիրը կապել են Հայաստանի հանրապետական կուսակցության հետ՝ ՀՀԿ-ի հետ մասնակցելով ընտրություններին ու նաև աշխատելով մեր խորհրդարանում», - ասել է Ս.Սարգսյանը:
Ընդ որում պետության ղեկավարտը նշել է, որ առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում: «Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ջանքերը ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանությանը, հայապահպանությանը և մեր ավանդական մյուս գերակայություններին առնչվող հարցերում։ Ակնհայտ է, որ համայն հայության անքակտելի կապը շարունակաբար պետք է ամրապնդել նաև ներկայի և, իհարկե, ապագայի ընկալմամբ և տեսլականով: Այսօր արդեն գրեթե բոլորն են վստահ նպատակի հարցում, այն է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Պարզ, առանց խրթին տողատակերի մի նպատակադրում, որը պահանջում է, սակայն, համատեղ աշխատանքի նոր մոտեցումներ, ավելի ակտիվ նախատրամադրվածություն: Այո, մենք շարունակում ենք բացահայտել սփյուռքի մեր քույրերի և եղբայրների ներուժը՝ փորձելով այն ուղղել Հայաստանի կայուն զարգացմանը: Տնտեսական, իրավական, սոցիալական, գիտակրթական, մշակութային, տեղեկատվական և այլ բնագավառներում աշխատանքները կազմակերպելու համար արդեն ստեղծված են գրեթե բոլոր նախապայմանները», - ընդգծել է նա: